Հնագույն բրիտանական արվեստի աճուրդի տունը գեղանկարներ է փնտրում Հայաստանում

Լոնդոնցի մասնագետները մտադիր են Հայաստանում գտնել 19-րդ և 20-րդ դարերի հայտնի ռուս գեղանկարիչների աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Լոնդոնի հնագույն աճուրդի տան առաջատար մասնագետները հետաքրքրված են Հայաստանում արվեստի շուկայի հետ համագործակցելու հնարավորությամբ։ Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեցին աճուրդի տան մամուլի ծառայությունից։ Հայ մասնագետների հետ հանդիպումը նախատեսված է մարտի վերջին Երևանում։

«Հայկական արվեստի դպրոցն առանցքային տեղ է զբաղեցում ռուսական և խորհրդային պատմության մեջ։ Հայաստանն աշխարհին նվիրել է այնպիսի անգերազանցելի վարպետների, ինչպիսիք են Հովհաննես Այվազյանը (Իվան Այվազովսկի), Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Եղիշե Թադևոսյանը, Դմիտրի Նալբանդյանը», — հաղորդագրությունում մեջբերվում են Bonhams աճուրդի տան ռուսական արվեստի բաժնի տնօրեն և առաջատար փորձագետ Դարյա Չերնենկոյի խոսքերը։

Նա կարծում է, որ Հայաստանում գեղանկարչական դպրոցը հարուստ պատմություն ունի, իսկ նկարների հավաքածուների հետ կապված ավանդույթները շատ վաղուց են ձևավորվել։ Արամ Աբրահամյանի շնորհիվ Երևանում գործում է Ռուսական արվեստի թանգարանը։

Հայուհին իր հավաքածուն ներկայացրել է Փարիզի հեղինակավոր Նորաձևության շաբաթում

Դրա հետ կապված՝ Լոնդոնի աճուրդի տունը հետաքրքրված է այն ընտանիքներով, որոնցում սերնդեսերունդ հավաքել են 19-րդ և 20-րդ դարերի նշանավոր ռուս գեղանկարիչների աշխատանքները։

Լոնդոնյան աճուրդի տան աշխատակիցներին հետաքրքրում են դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները, Ֆաբերժեի գործերը, ռուսական էմալը, արծաթը, ճենապակին, ինչպես նաև ռուսական սրբապատկերները։ Այցի նպատակներից մեկը հայ մասնագետների ինտեգրումն է միջազգային արտ-գործընթացներում։

Ռուսական արվեստ ասելով` աշխարհը հասկանում է ոչ միայն կայսերական և խորհրդային Ռուսաստանի արվեստը, այլև նախկին ԽՍՀՄ հանրապետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի։

Արվեստի գործերը, որոնց սեփականատերերը կցանկանան հանել աճուրդային վաճառքի, կներկայացվեն Լոնդոնում ռուսական արվեստի աճուրդում 2018թ.-ի հունիսի 6-ին։