Առաջին քայլն Արոնյանի փոխարեն արեց Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռլինում կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` որպես մրցաշարի պատվավոր հյուր, կատարել է մրցաշարի առաջին պարտիայի խորհրդանշական առաջին քայլը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Շախմատի արքան կամ ինչու է Հայաստանն առաջ անցել բոլորից

Սերժ Սարգսյանին վերապահվել է Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկային քայլը։

Մրցաշարի բացումն ազդարարող քայլից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

Հիշեցնենք, որ բեռլինյան մրցաշարին մասնակցում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Մրցաշարում հաղթող շախմատիստն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցելու իրավունք կստանա: