Լարսը կրկին փակվեց, ավտոմեքենաները նորից կուտակվեցին

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը կրկին փակվել է եղանակի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների գործակալությանն ու Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ԱԻՆ գլխավոր վարչությանը։

«Ռուսական կողմում կա կուտակված 200 ավտոմեքենա»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ մարտի 9-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։