Սամվել Ալեքսանյանը որոշել է եղբորորդուն քաղաքապետ դարձնել

«Հրապարակ» թերթը պարզել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «մաքսիմում պլան» ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում` յուր եղբորորդուն` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի ղեկավար, թաղի խնդիրներից անտեղյակ Արտակ Ալեքսանյանին Երևանի փոխքաղաքապետ, ապագայի ծրագրերում էլ՝ քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ դարձնելու մասով: Այս մասին գրում է«Հրապարակ» օրաթերթը։

«Ծրագրվում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը ևս Լֆիկի կադրն է, նախկինում Մալաթիայի թաղապետ է աշխատել»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոն` որևէ նախարարությունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյանի տեղակալ, վարչական շրջանի կադաստրի պետի որդի Վալերի Մանվելյանը:

«Իսկ ինչո՞ւ ոչ փոխթաղապետ, Կորյուն Նահապետյանի որդի Արթուրը՝ հարցինք թաղապետարանի մեր աղբյուրին: «Պարոն Ալեքսանյանն առանձնապես ոգևորված չէ Կորյունի որդու տարբերակով, համ էլ Մանվելյանենք պապոնց-պապ իրենց հարևանն ու հարազատն են»,-գրում է «Հրապարակը»: