«Հոլանդացիները» ճնշում են «հայերին». ո՞ր ծաղիկներն են առաջատար հայկական շուկայում

Եթե ամբողջ աշխարհում տոնում են միայն մարտի 8–ը` Կանանց միջազգային օրը, ապա Հայաստանում նշում են նաև ապրիլի 7–ը` Մայրության և գեղեցկության օրը, իսկ դրանց արանքում` կանանց միամսյակը։ Այդ շրջանում Հայաստանում ծաղիկների բիզնեսը ծաղկում ու բարգավաճում է։
Sputnik

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ծաղիկների թագուհին` վարդը, գլխավորում է Հայաստանում ամենից շատ գնվող ծաղիկների վարկանիշը, այս մասին Sputnik Արմենիային ասացին ծաղկային բիզնեսով զբաղվողները։

Մարտունեցի Զոհրաբ Հակոբյանը պատմեց, որ ծաղիկների պահանջարկը սկսել է աճել դեռ մեկ շաբաթ առաջ։ Ծաղկային բիզնեսը նախօրոք է պատրաստվում մարտի 8-ին, ինչպես նաև գալիք ապրիլի 7-ին` Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության օրվան։

«Տոնից 10 օր առաջ մարդիկ գալիս են, զգուշացնում, որ մեզանից ծաղիկ են գնելու, ասում են, թե ինչ ծաղկեփունջ է նրանց պետք։ Հաճախորդները հիմնականում երիտասարդ տղաներ են», — նշեց նա։

Զոհրաբը պատմեց նաև գնային քաղաքականության մասին։ Նրա խոսքով` Երևանում և մարզերում ծաղիկների գների տարբերությունը մեծ չէ, հատկապես վերջին տարիներին. նախկինում պահանջարկն այն չէր, կենսամակարդակն ավելի ցածր էր, հետո էլ տեսականին այդքան լավը չէր։

Օրինակ` Մարտունիում միջին երկարության (60 սմ) մեկ հոլանդական վարդի գինը 1300-1400 դրամ է։ Կակաչի մեկ հատն արժե 1000 դրամ, բայց կրկին ամեն ինչ կախված է ծաղկի տեսակից։

«Երբ հոլանդական վարդերը գրոհեցին մեր շուկան, տեղի վարդերը դադարեցին պահանջված լինել։ Պարզվեց` Նիդեռլանդների ծաղիկներին դուր եկավ մեր երկիրը` կլիման, օդը, ցածր խոնավությունը», — ասաց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Կանանց միջազգային օրը երևանյան համայնապատկերում` սեր, ծաղիկներ, ժպիտ. լուսանկարներ

Նրա խոսքով` «վարդերի ներխուժմանը» նպաստում է նաև ջերմոցների հայտնվելը։

Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա վարդերը բացարձակ առաջատար են, բայց ամեն դեպքում մրցակիցներ ունեն։

«Առաջին տեղում վարդերն են, հատկապես կարմիրները։ Այնուհետև գալիս են գերբերաները, կակաչները, վերջին տարիներին ավելի հաճախ են վերցնում ֆրեզիաներ, դաշտային ծաղիկներ», — ասաց գործարարը` նշելով, որ կանայք էլ են ծաղիկներ գնում։

Մեկ այլ «ծաղկային գործարար» Գառնիկ Պողոսյանը գործ է դրել Վանաձորում (Լոռու մարզ)։ Նրա վարկանիշում վարդը նույնպես հայտնվել է առաջին տեղում։ Վարդին հետևում են կակաչները, ֆրեզիաները, հասմիկները, մնացածը` ըստ հաճախորդների ճաշակի։

«Գալիս են տարբեր տարիքի մարդիկ։ Օրինակ` կարող է գալ մի դպրոցական` մայրիկի համար ծաղկեփունջ գնելու համար, հասուն տղամարդ` սիրելի կնոջը ծաղիկներ նվիրելու նպատակով։ Մեզ մոտ կակաչներն արժեն 500-1000 դրամ, իսկ վարդերը` 500-1500 դրամ։ Էկվադորից ներկրված վարդերն արժեն 2000 դրամ», — ասաց վանաձորցի գործարարը։

Նա համոզված է, որ հայերը շատ են սիրում ծաղիկներ։ Իր ասածը հաստատելու համար նա ասաց, որ ավանդաբար վերցնում են 11 ծաղկից ոչ պակաս։ Ընդունված է վերցնել 15 և ավելի ծաղիկներ։

«Ես եղել եմ տարբեր երկրներում, իմացել եմ, որ եթե հինգ ծաղկից շատ են նվիրում, ապա դա արդեն լուրջ քայլ է», — ասաց Գառնիկը։

Նա արդեն 6 տարի զբաղվում է ծաղկային բիզնեսով։ Գառնիկը սեփական ջերմոցներ ունի, անձամբ աճեցնում է վարդեր, մեխակներ, գերբերաներ։ Գործարարը պնդում է, որ երբ սիրում ես քո գործը, այդ ժամանակ բիզնեսը բարգավաճում է։