Հայուհին իր հավաքածուն ներկայացրել է Փարիզի հեղինակավոր Նորաձևության շաբաթում

Փարիզի Նորաձևության շաբաթը համաշխարհային 4 շաբաթներից ամենակարևորն ու եզրափակիչն է (մյուս երեքն ընթանում են Լոնդոնում, Նյու Յորքում և Միլանում)։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Армения

Հայ դիզայներ Ասյա Տեր-Հովակիմյանը հագուստի իր հավաքածուն ներկայացրել է Փարիզի Նորաձևության շաբաթի ընթացքում, որն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում փետրվարի 27-ից մարտի 6-ը։

Նա իր համակուրսեցի Ֆրանցիսկո Ջոուի հետ ներկայացնում է Omniss ապրանքանիշը։

«Մենք միջազգային թիմ ունենք և դրանով ենք գրավում տարբեր լսարանների ուշադրությունը», — ասաց Ասյան Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում։

London College of Fashion-ում ուսանելու ժամանակ երիտասարդ նկարիչ-դիզայներների հիմնած ապրանքանիշն առաջին անգամ ներկայացվել է 2016թ-ի փետրվարին Լոնդոնի Նորաձևության շաբաթի շրջանակում։

Образцы коллекции бренда Omniss

Մոդելավորողի խոսքով` Omniss-ն արտացոլում է նորաձևության ժամանակակից միտումները։

«2016թ-ից պարբերաբար մասնակցում ենք և կազմակերպում ցուցադրություններ ու շնորհանդեսներ։ Վերջին մեծ ցուցադրությունը տեղի է ունեցել Trevor Sorbie ապրանքանիշի հետ համագործակցությամբ։ Իսկ անցած տարվա հոկտեմբերին մենք ներկայացրել ենք 11 նմուշներից կազմված կապսուլային հավաքածու Լոնդոնի Excel Arena-ում», — պատմեց նա։

Ասյան նշեց, որ Նորաձևության շաբաթում ներկայացված հավաքածուն անցյալի և ապագայի յուրօրինակ երկխոսություն է եղել։

«Միջոցառման առաջին օրը ապրանքանիշի շնորհանդես անցկացվեց հիմնականում լրագրողների համար, մոդելները ներկայացրին մեր աշխատանքները։ Այնուհետև մարտի 1-7-ը հավաքածուն ներկայացվեց շոուռումում։ Մենք ցուցադրեցինք համարձակ, ինքնավստահ և անպարտելի կերպար։ Մեր յուրաքանչյուր հավաքածուն շարունակում է բացահայտել ապրանքանիշի կերպարը», — ավելացրեց նա։

Образцы коллекции бренда Omniss

Դիզայների խոսքով` հավաքածուն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, բայց առայժմ վաղ է հետևություններ անել։

«Միջոցառման ավարտից հետո հաղորդակցությունը շարունակվում է ևս մեկ ամիս։ Երկու միջազգային ամսագրեր նկարահանումների համար արդեն առանձնացրել են մեր որոշ աշխատանքներ։ Ինչպես գնորդներին, այնպես էլ լրագրողներին շատ են դուր եկել ասեղնագործ վերնաշապիկներն ու շապիկները», — պատմում է Ասյան։

Նա նշեց, որ Փարիզում նորաձևության շաբաթը բավականին խիստ է մոտենում ապրանքանիշների ընտրությանը. այն պետք է լինի յուրահատուկ, ունենա որակյալ արտադրանք և միջազգային բուտիկների հետ համագործակցության որոշակի փորձ։

Образцы коллекции бренда Omniss

Փարիզում Նորաձևության շաբաթը չորս համաշխարհային շաբաթներից եզրափակիչն է և ամենակարևորը, անցկացվում է 1973թ-ից։ Նորաձևության արդյունաբերության ամենահեղինակավոր իրադարձությունը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` մարտի սկզբին և սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Հենց այստեղ են տեղի ունենում ամենահայտնի Նորաձևության տների` Chanel, Christian Dior, Louis Vuitton, Balmain, Chloé, Nina Ricci, Lanvin, Balenciaga և այլ հավաքածուների ցուցադրությունները։