Հայաստանի գեղասահորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնող գեղասահորդները մարզվում են Ադլերում ու Կանադայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը հանդես կգան գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանն այս մասին ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։

«Սլավիկ Հայրապետյանը` Ալեքսանդր Ուրմանովի գլխավորությամբ, մարզվում է Ադլերում: Նա Միլան կգա հոր` Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ: Մինչ այդ Սլավիկը մարտի 16-ին հանդես կգա Լյուքսեմբուրգում կայանալիք Coupe de Printemps միջազգային մրցաշարում»»,- նշել է Ստեփանյանը:

Նրա խոսքով` Թինան և Սիմոնը Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարերի չեն մասնակցել, նրանք մարզվում են Կանադայում իրենց անհատական մարզիչների գլխավորությամբ:

Հայտացուցակում կա նաև Անաստասիա Գալուստյանի անունը։

Գեղասահքի աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 19-25-ը Միլանում (Իտալիա):