Հայ կանայք աշխատել են Օփրա Ուինֆրիի զգեստների վրա

Հայ վարպետները հիանալի աշխատանք են կատարել` ստեղծելով Օփրա Ուինֆրիի կերպարը «Ժամանակի բեկում» կինոնկարի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Disney ստուդիայի «Ժամանակի բեկում» արկածային ֆիլմի գլխավոր զգեստավորող Պակո Դելգադոն Fashionista պարբերականին տված հարցազրույցում պատմել է հայ կին վարպետների հիանալի աշխատանքի մասին։

Հայուհին իր հավաքածուն ներկայացրել է Փարիզի հեղինակավոր Նորաձևության շաբաթում

«Մեզ մոտ ասեղնագործության և ուլունքագործության վարպետ հայուհիներ կային։ Մենք գտել էինք նաև հյուսելու վարպետի, նա հիանալի դետալներ է ավելացրել Օփրայի մի քանի զգեստներին», — նշել է Դելգադոն։

Նրա խոսքով` ֆիլմի համար հագուստի վրա աշխատել են ընկերական մթնոլորտում։ Ամենաբարդը եղել է գլխավոր հերոսուհու կերպարների ստեղծումը` ի դեմս Օփրա Ուինֆրիի (միսիս Այսինքն), Ռիզ Ուիզերսփունի (միսիս Ինչէայստեղ) և Մինդի Քալինգի (միսիս Ով)։

Ընտանեկան գիտաֆանտաստիկ ֆիլմը պատմում է Մեգ անունով աղջկա մասին, որը կրտսեր եղբոր և դասընկերոջ հետ ուղևորվում է հորը որոնելու։ Բարդ ճանապարհորդության ընթացքում նրանց օգնում են ուղեկիցները` երեք տիկնայք, որոնց դերերում հանդես են գալիս համաշխարհային մեծության աստղեր։

Պակո Դելգադոն (Ֆրանցիսկո Դելգադո Լոպեզ) ծնվել է Կանարյան կղզիներում։ Իր աշխատանքների համար Դելգադոն արդեն երեք անգամ արժանացել է իսպանական «Գոյա» մրցանակի` «Մաշկը, որում ես ապրում եմ», «Տխուր բալլադ փողի համար» և «Սպիտակաձյունիկը» ֆիլմերի հագուստի համար։ «Մերժվածները» ֆիլմի հագուստի համար Դելգադոն առաջադրվել է «Օսկարի» և Բրիտանական ակադեմիայի մրցանակի անվանակարգերում։