Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի. Հայաստանում Իսրայելի դեսպան

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը ոչինչ չի խանգարում, նույնիսկ որոշ հարցերի շուրջ տարբեր մոտեցումները, կարծում է Էլիյահու Յերուշալմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Արցախյան հակամարտության լուծման լավագույն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակն է, Sputnik Արմենիային ասաց Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին։

Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

«Մենք ուզում ենք խաղաղություն տեսնել այստեղ` այս տարածաշրջանում։ Կարծում ենք, որ դրա լուծման լավագույն ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակն է։ Դա լավ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ մյուս կողմի համար», — ասաց դեսպանը։

Նրա խոսքով` Իսրայելում չեն կարծում, որ այս տարածաշրջանում հակամարտությունն ինչ-որ մեկին ձեռնտու է։

Դեսպանը բացասական պատասխան տվեց այն հարցին, թե Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն խանգարո՞ւմ արդյոք Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը։

«Իսրայելն ու Հայաստանը այս հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն, բայց դա չի խանգարում հարաբերությունների զարգացմանը», — ասաց Յերուշալմին։

Նրա խոսքով` երկու երկրների իշխանությունները պայմանավորվել են, որ զարգացնելու են հարաբերությունները` անկախ երրորդ երկրների հետ փոխհարաբերություններից։