«Արսենալի» նախկին խաղացողին կարմիր քարտ են ցույց տվել ազգանվան պատճառով

Առաջին դեղին քարտին անմիջապես հաջորդել է երկրորդը, և միջամտել են հարձակվողի թիմակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. «Հեմել Հեմփսթեդ Թաուն» անգլիական ակումբի հարձակվողը (խաղում է Անգլիայի ֆուտբոլային լիգաների համակարգի վեցերորդ մակարդակում) Սանչես Ուոթը (Sanchez Watt) կարմիր քարտ է ստացել «Իսթ Թարոկի» հետ խաղի ժամանակ, հայտնում է ESPN-ը։

Հարձակվողը դեղին քարտ է ստացել խախտում անելու համար։ Քանի որ «Հեմել Հեմփսթեդ Թաունը» հանդես է գալիս վեցերորդ դիվիզիոնում, խաղացողների մարզաշապիկների վրա նրանց ազգանունները գրված չեն, և մրցավարը ստիպված է եղել խախտումը կատարած խաղացողից պարզել նրա անուն-ազգանունը։

Մրցավարի պահանջին ի պատասխան Ուոթն ասել է` Ուոթ։ Սակայն նրա բախտը չի բերել, քանի որ նրա ազգանունը հնչում է անգլերեն what բառի պես, որը թարգմանաբար նշանակում է «ի՞նչ»։ Մրցավարը խաղացողին մի քանի անգամ է հարցն ուղղել, որին ի պատասխան վերջինս մի քանի անգամ կրկնել է իր ազգանունը։ Բայց մրցավարին թվացել է, որ Ուոթը ծաղրում է և անդադար հարցնում` «ի՞նչ»։

Հարձակվողը ստացել է երկրորդ դեղին քարտը։ Այդ ժամանակ միջամտել են Ուոթի թիմակիցները և բացատրել մրցավարին, որ թյուրիմացություն է եղել։ Մրցավարը որոշել է չեղյալ հայտարարել կարմիր քարտը։

Ավելացնենք, որ 2009-2013 թվականներին Ուոթը կապված է եղել Լոնդոնի «Արսենալի» հետ. նրան մշտապես վարձակալության էին տալիս։ «Արսենալի» կազմում Ուոթը խաղադաշտ է դուրս եկել երեք անգամ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղերում և մեկ գոլ է խփել։