ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ծառայողները։
Ըստ կայքի` մինչ կժամանեին իրավասու մարմինների ներկայացուցիչները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել նշված տան բնակչուհուց՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից։ Նա հայտնել է, որ եղբայրը սպառնացել է և այրել է տունը։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։
Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ կասկածյալ, 61-ամյա Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։