ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Դամասկոսի Արևելյան Ղութայի արվարձանում այսօր գրոհայինները կրակ են բացել դեպի Մլեհա շարժվող խաղաղ բնակիչների շարասյան ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինին։
Շարասյան մեջ եղել են մոտ 300 ընտանիքի անդամներ, որոնք շարժվում էին դեպի հարավ, որտեղ նրանց սպասում էին բարեկամները։ Շարասյանը Ղութայից դուրս գալու համար մեկ կմ էր մնացել։ Նախնական տվյալներով` հարձակման հետևանքով մի քանի ավտոմեքենա ամբողջությամբ այրվել են, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։
Բացի խաղաղ բնակիչների շարասյան վրա հարձակում գործելուց, զինյալները նաև գնդակոծել են Արևելյան Ղութայի հարավային մուտքը, որտեղ նաև լրագրողներ են եղել, այդ թվում` ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Զոհեր չկան։
Ավելացնենք, որ Արևելյան Ղութայում իրավիճակը սրվել է փետրվարի կեսերից։ Չնայած կրակի դադարեցման և մեկ ամիս մարդասիրական դադար տալու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի, գրոհայինները շարունակում են հրթիռակոծություններն ու ականանետերով կրակահերթերը։