Ալթունյա՞նն է մեղավոր. Թիմատիի ավտոմեքենայի վթարի մասնակցին սպառնում են

Ռեփեր Թիմատիի թիկնապահների մեքենայի չարաբաստիկ վթարի մասնակիցը` տաքսիստ Հրանտ Ալթունյանը, տհաճ պատմության մեջ է ընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Օրեր առաջ ռեփեր Թիմատիի թիկնապահների ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի րոպեում այրվել։ Երկրորդ ավտոմեքենայի տերը` «թեժ» ՃՏՊ-ի մասնակից Հրանտ Ալթունյանը, հայտարարել է, որ իր վրա ճնշում են գործադրում։ Այդ մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

Հայն աշխատում է հայրենակիցների տաքսի ծառայությունում (ընկերությունը ստեղծել է Մարտիրոսյանների ընտանիքը) և այդ գիշեր տեղափոխել է հաճախորդին։ Տաքսիստի խոսքով` նա տեղափոխվել է վերջին շարք, որպեսզի թեքվի ձախ` Սամարինսկայա փողոց։ Վարորդը վստահեցնում է, որ նախապես միացրել է թարթիչը և մեքենայի հայելու մեջ չի տեսել, որ հետևում «Մերսեդես» կա։ Նա մյուս գիծ տեղափոխվելիս հարված է ստացել ձախից, նրա ավտոմեքենային է բախվել «Գելենդվագենը»։

Ինչպես հաղորդում են ականատեսները, կես ժամ անց ավտովթարի վայր է ժամանել Ալթունյանի որդին։ Ազգականի գալուց հետո «Գելենդվագենի» վարորդի ուղեկիցները մոտեցել են և ասել, որ մոտ 10 միլիոն ռուբլու «թեմա է բացվել»։ «ՄԿ»-ի տեղեկություններով` երկու կողմերը փոխանակել են հեռախոսահամարները, իսկ արդեն հաջորդ օրը Մարտիրոսյանները մի քանի զանգ են ստացել և ասել, որ պետք է վնասը փոխհատուցել։

Mercedes Gelandewagen ավտոմեքենան, որը վարել են ռեփեր Թիմատիի թիկնապահները, վթարի է ենթարկվել և այրվել Մոսկվայի կենտրոնում մարտի 3-ին։ Վառվող ավտոմեքենայի տեսանյութը տարածվել է համացանցում։

Ավտովթարը տեղի է ունեցել Միտնայա փողոցում` Դանիլովյան շուկայի ոչ հեռու։ Mercedes Gelandewagen-ն բախվել է տաքսիստի ավտոմեքենային և հարվածի ուժից բախվել սյանը, որից հետո այրվել է։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկները։ Ամենագնացն ամբողջությամբ այրվել է, բայց տուժածներ չկան։

Մինչև հիմա չի հաջողվել պարզել ավտովթարի մեղավորներին` չնայած ՃՏՊ բազմաթիվ տեսանյութերին։