Մհեր Սեդրակյանը «Թոխմախի գյոլը» ներքին օգտագործման լիճ է դարձրել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Թոխմախի գյոլին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի` այս բացահայտումն արել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է:

«Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երևանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռևս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ»,- նշված է հոդվածում:

Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին:

«Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել: 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջերկրական ծովն իր ներքին լիճը դարձներ: Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում նկատել է Արայիկ Հարությունյանը:

Նրան հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե: «Ելքի» ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաև պայմանագրի բովանդակությունը: