Երևանում տղամարդն ինքնասպանությունից առաջ նախազգուշացնող SMS է ուղարկել կնոջն ու աղջկան

Դավիթաշենի կամրջից 55-ամյա տղամարդը նետվելու փորձ է արել` այդ մասին հեռախոսային հաղորդագրությամբ նախապես տեղեկացնելով կնոջն ու աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Երևանում քիչ առաջ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։

Ըստ կայքի հաղորդած տեղեկության` ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Արտակարգ դեպք Երևանում. ճապոնացին որոշել էր ինքնասպանություն գործել Հայաստանում

Մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարները, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, որից հետո ԱԻՆ-ի մասնագետ հոգեբանները նրա հետ հոգեբանական զրույց են անցկացրել` փորձելով տղամարդուն հետ կանգնեցնել ինքնասպանության մտադրությունից։

Զրույցի ժամանակ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը` Երևանի բնակիչ 55-ամյա Գ. Հ.-ն, նախապես SMS հաղորդագրություն է ուղարկել կնոջն ու աղջկան, որտեղ գրել է ՝ «Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ»: