Հայ գյուղացու վիճակն այս տարի էլ չի թեթևանա. մնում է պատրաստ պահել ծխակույտերը

Այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ չի լինի։ Ագրարագյուղացիական միավորման նախագահը հիմնավորում է իր կանխատեսումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Գյուղատնտեսության համար տարին ծանր է լինելու։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Գյուղապետի ախորժակը. Շիրակի մարզում «կերել են» ռուսական ցորենի սերմացուի փողերը

«Խնդիրներ ունեցանք անասնակերի հետ, խնդիրներ ունեցանք բանջարեղենի հետ, պտղի ու խաղողի արտադրության հետ։ Ծանր տարի է, և, ցավոք սրտի, այն աշխատանքները, որ պետք է կատարվեին հողի վրա չարվեցին։ Խնդիրներ կան նաև պարարտանյութերի ամբարման հետ»,- ասաց նա։

Հրաչ Բերբերյանի խոսքով` առ այսօր գյուղացու համար պարզ չէ, թե ինչ կարգով է վառելիք ու պարարտանյութ ստանալու պետությունից։

Բերբերյանը համոզված է, որ լավագույն որոշումն այս բնագավառի ազատականացումն է։ «Վառելիքի ու պարարտանյութի շուկան պետք է ազատականացվի։ Պարարտանյութը պետք է վաճառվի խանութներում։ Եթե շուկան ազատականացվի, գուցե խանութներում նույն գինը կլինի, որով ամեն տարի կառավարությունը բաշխում է գյուղացուն»,- ասաց նա։

2018-ին հայ գյուղացու համար մեծ է նաև ցրտահարության ռիսկը, ընդ որում և՛ մարտին, և՛ ապրիլին։ Բերբերյանի կանխատեսմամբ` եթե գյուղացին կկարողանա խուսափել այս ցրտերից, ապա կկարողանա նորմալ բերք ստանալ։

«Եղանակային տատանումներ ունենք, որոնք վտանգավոր են։ Գյուղացին պետք է ծխակույտերը պատրաստ պահի, և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գյուղմթերքի արտահանմանը, Բերբերյանը կարծում է, որ ԵԱՏՄ տարածքում հայաստանյան ապրանքները մրցակցային չեն, քանի որ ռուսաստանցի ֆերմերներն այսօր իրենց պետությունից շատ ավելի մեծ արտոնություններ են ստանում, քան հայ գյուղացին իր պետությունից։