Երևանում 10 օր շարունակ Նովրուզ կնշեն

Երևանը ժամանցային վայր է դառնում, որտեղ պատրաստվում են զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. 2018 թվականին Երևանում զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում, և քաղաքային իշխանությունները պատրաստվում են բազմաթիվ հյուրերի ընդունելությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Նրա խոսքով` զբոսաշրջային բումի պատճառներից մեկը խոշոր միջոցառումների ժամանակացույցն է։ Ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքային կյանքը հագեցած է լինելու զանազան միջոցառումներով։ Այս տարին Երևանի համար հոբելյանական է. աշնանը ՀՀ մայրաքաղաքը նշում է 2800-ամյակը։

Իրանցիները Հայաստանում խոշոր գործարան կբացեն

«Մենք Երևանը դիրքավորում ենք որպես ժամանցային, հետաքրքիր և պատմամշակութային մի վայր, որտեղ իրադարձային զբոսաշրջություն ենք զարգացնում», — ասաց Օրբելյանը։

Մարտի 8-ին Երևանը հայտարարում է կանանց միամսյակ, որը շարունակվելու է մինչև ապրիլի 7-ին։ Մարտի 8-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած կանանց ծաղիկներ են նվիրելու, ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Մարտի վերջին տասն օրվա ընթացքում` մարտի 21-ից 31-ը Նովրուզին նվիրված միջոցառումներ կանցկացվեն։ Սա արվում է հատուկ հարևան Իրանից եկող հյուրերի համար։

Քաղաքապետարանում մտածել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի դիտարկման մասին. նա ասել էր, որ Հայաստանում պակասում են օտար լեզուներով ցուցատախտակները։

«Մենք քննարկել ենք այդ հարցը և՛ Ֆրանսիայի դեսպանատան, և՛ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպիչների հետ։ Առաջիկայում մենք կզբաղվենք տարբեր լեզուներով պաստառների ու ցուցատախտակների հարցով», — ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետը։

Նշենք, որ 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 494 777 զբոսաշրջիկ, ինչը 18,7%-ով գերազանցում է 2016 թվականին ցուցանիշը։