ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մի շարք անհաջող խաղերից հետո «Արսենալը» կարծես թե պառակտվում է։ Ֆուտբոլիստները, փորձելով պարզել թիմի խնդիրների պատճառները, հանդիպումներ և հետկուլիսային ակտիվ քննարկումներ են անցկացնում` ողջ մեղքը բարդելով առաջին հերթին երկու նորեկների` Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի վրա։ Այս մասին գրում է joe.co.uk-ը` հղում անելով մարզական վերլուծաբան Մեթ Հյուզի` Times-ում հրապարակած հոդվածին։
Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջերս հաջորդաբար պարտվեց չորս խաղում` այս խաղաշրջանում վերջին 15 տարվա ընթացքում վատագույն արդյունքը ցուցադրելով։ Թիմի մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես նշում է պարբերականը, ճնշման է ենթարկվում։
Ֆուտբոլիստները հիմնականում դժգոհ են հունվարին թիմում հայտնված Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի, ինչպես նաև առաջատար խաղացող` Մեսութ Օզիլի խաղից, առավել ևս, որ նրա աշխատավարձը հունվարից հետո վերանայել են և զգալիորեն բարձրացրել։
Մեթ Հյուզը գրում է, որ մյուս խաղացողների դժգոհությունները հստակ են, հոդվածի հեղինակը դրանք ներկայացնում է կետառկետ։
Աշխատավարձերի հսկայական տարբերությունը դժգոհության պատճառ է դարձել և ակումբում խժդժություններ առաջացրել` բացասաբար ազդելով թիմի ոգու վրա։
Վերջերս Մեսութ Օզիլը նոր պայմանագիր էր ստորագրել` շաբաթական 350 հազար ֆունտ ստեռլինգ ստանալու մասին։ Իսկ դա խախտում է աշխատավարձի համակարգի հավասարակշռությունը։
«Արսենալի» որոշ խաղացողներ կասկածի տակ են դրել Մխիթարյանի և Օբամեյանգի ներդրումը` նշելով, որ այն օրվանից, ինչ հայտնվել են նորեկները, թիմը 8 խաղից միայն 2-ում է հաղթել։
Օբամեյանգը շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, իսկ Մխիթարյանը` 180 000 ֆունտ։
Այս «զույգի» հանդեպ «դժգոհությունն աճում է», և խաղացողներից շատերը կարծում են, որ նրանք դեռ իրենց ստացած աշխատավարձերը չեն արդարացրել։
Որոշ խաղացողների` մասնավորապես Ահարոն Ռեմզիի, Դենի Ուելբեկի և Նաչո Մոնրեալի պայմանագրերը ավարտվում են 2019 թվականին, սակայն նրանց արդեն տեղեկացրել են, որ աշխատավարձերը չեն վերանայվելու։
Ջեք Ուիլշիրի պայմանագրի ժամկետն ավարտվում է խաղաշրջանի վերջում, սակայն այն կերկարացնեն միայն աշխատավարձի կրճատման պայմանով։
«Եթե ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես գրում է Times-ի վերլուծաբանը, կարելի է եզրակացնել, որ «Արսենալում» կատարյալ քաոս է տիրում», — եզրահանգում է պարբերականն` ավելացնելով, որ խնդիրը հեշտ լուծում կստանա` մենեջերի փոխարինմամբ։