Հայ փոխադրողները կարող են շու՞նչ քաշել. ինչպես է Թբիլիսին լուծում Վերին Լարսի հարցը

Մցխեթա – Ստեփանծմինդա – Լարս ավտոմոբիլային ճանապարհի արդիականացման ու երկու կիլոմետրանոց թունելի կառուցումը կհեշտացնի հայ փոխադրողների կյանքը ու կբարելավի իրավիճակը «Վերին Լարս» անցակետում։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Թբիլիսին ձեռնամուխ է եղել բարելավել Վերին Լարսի իրավիճակը։ Հայկական բեռնատար ֆուրերը տարին չորս ամիս Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհի վրա խնդիրների են բախվում։ Մինչ 2021 թվականը Թբիլիսին նախատեսում է ավարտել Դարիալի կիրճում երկու կիլոմետրանոց թունելի կառուցումը։

Մցխեթա – Ստեփանծմինդա – Լարս ավտոմոբիլային ճանապարհի 132-135 կիլոմետրի վրա թունելի շինարարության կառուցումը կսկսվի այս տարի, իսկ ճանապարհի ընդլայնումը կսկսվի 2018 թվականի վերջին։ Այս մասին նախօրեին հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նախագծի արժեքը մոտ 53 միլիոն լարի կլինի (մոտ 22 միլիոն դոլար)։

Ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում բացահայտել Լարսի գործարքի մանրամասները

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը վստահ է, որ հայկական կողմը միշտ Վերին Լարսի այլընտրանքի կարիք է ունենալու։ Այսօրվա դրությամբ որևէ տարբերակ չկա, սակայն Թբիլիսին ու Մոսկվան փոխհամաձայնության են եկել, որպեսզի Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհով իրականացվող բեռնափոխադրումները հեշտանան։

«Թբիլիսին որոշել է բարելավել ենթակառուցվածքները ինչպես իր, այնպես էլ հայկական կողմի համար։ Այսօր դա Վարին Լարսում փոխադրողների վիճակը լավացնելու համար միակ իրական հնարավորությունն է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` ճանապարհի մոդեռնիզացիան, անցակետն ու թունելի կառուցումը թույլ կտան հետագայում արագացնել մեքենաների հոսքը, երթուղին ավելի անվտանգ կդարձել, անցակետում սպասելու ժամանակը նվազագույնի հասցնել։

Երևանյան փորձագետի հետ համաձայն է Տրանսպորտային միջանցքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թունել հնարավորություն կտա մարդկանց հանգիստ շունչ քաշել, հատկապես հայաստանցի բեռնափոխադրողներին։

«Լարսի հայկական անեծքը». ինչի՞ մասին կրկին չեն պայմանավորվել Կարասինն ու Աբաշիձեն

«Թունելը համալրված կլինի արհեստական բետոնե որսող սարքերով, որոնք կանխում են սողանքներն ու սելավները», – ասաց Ցագարեիշվիլին։

SPAYKA ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը փաստում է` Հայաստանի համար Ռուսաստան ապրանքներ տանող ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի ցանկացած արդիականացում, տեխնիկական ապահովում ողջունելի է։

«Վերին Լարսում տեղի ունեցած ցանկացած միջադեպ մատակարարների համար լրացուցիչ ծախսեր է առաջացնում։ Թունելը կկրճատի ապրանքները Երևանից Մոսկվա մատակարարելու ժամանակը։ Եթե ամռանը մեր ֆուրերը երկու օրվա ընթացքում են տեղ հասնում, ապա ձմռանը` չորս։ Թունելի դեպքում մենք ձմռանն էլ երկու օր կծախսենք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հայաստանն, իհարկե, դեռ հույս ունի, որ որպես այլընտրանք Վերին Լարսին ցամաքային երկաթուղի կբացվի։ Եթե «Ճանապարհային միջանցքների մասին» պայմանագիրն իրականանա, Երևանը կկարողանա Լարսին այլընտրանք երկու երթուղիներն օգտագործել` Աբխազիայով անցնողն ու տրանսկովկասյան մայրուղին, որն անցնում է Ռոկսի թունելով։