Կապանում Ողջի գետից քաղաքացիները դուրս են բերել 9–ամյա երեխային. նա վնասվածքներ է ստացել

Երեխան մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը: Այս մասին տեղեկացնում է Shanshyan.com-ը։

Մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց: Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից:

Նախնական տեղեկություններով՝ երեխան իր դասընկերոջ՝ Ալեն Բաղդասարյանի հետ այցելել են Հալիձորի բերդ կոչվող հատված՝ մանուշակներ հավաքելու, որտեղ էլ Գևորգը սայթաքել և ընկել է գետը: Գետը մի քանի մետր երեխային քշել տարել է և արդեն 14 շենքի մոտ կանայք նկատել են երեխային և օգնության են կանչել տղամարդկանց, ովքեր էլ կարողացել են փրկել երեխայի կյանքը։ Երեխան մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: