ԵՐԵՎԱՆ, 7 Մարտ — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ նախագահի` հայ-թուրքական արձանագրությունները կասեցնելու մասին որոշմանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը՝ Զախարովան ասել է. «Ինչպես հիշում եք՝ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այդ գնահատականները ժամանակին տրվել են և մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Մենք ելնում ենք հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն կարգավորման»:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ցյուրիխում ռուսական կողմը ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ցուցաբերել համապատասխան արձանագրությունների մշակման համար: