Հայտնի է`ԵԱՏՄ–ն ու Իրանը երբ կստորագրեն ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Կողմերն արտոնյալ հասանելիություն կսահմանեն 500-600 ապրանքի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Եվրասիական միությունն ու Իրանն ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրեն մինչև 2018 թվականի հունիսի ավարտը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, որը ԵԱՏՄ-ի բանակցային խմբի համակարգողներից մեկն է։

Ռուսական բիզնեսը Հայաստանի միջոցով կարող է դուրս գալ Իրան ու Եվրոպա

Փաստաթղթի բովանդակության շուրջ արդեն պայմանավորել են։ Այժմ ԵԱՏՄ երկրների կառավարություններն ու Իրանը ստուգում են նախագծի համապատասխանությունն իրենց երկրների օրենսդրություններին։ Դրանից հետո կողմերը պատրաստ կլինեն փաստաթղթի ստորագրմանը։

Հայկական կողմն ակնկալում է, որ ստորագրումը տեղի կունենա մինչև 2018 թվականի առաջին կիսամյակի ավարտը։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երեք տարով։ Փորձնական ժամանակահատվածից հետո կողմերն ազատ առևտրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։

Փաստաթղթի համաձայն` կողմերն արտոնյալ հասանելիություն կսահմանեն 500-600 ապրանքի համար։ Ապրանքների եվրասիական ցուցակում հաշվի են առել նաև Հայաստանի շահերը։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանն ամենաակտիվն է Իրանի հետ առևտրային հարաբերություններում։ Հայաստանի արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը մոտ 4 տոկոս է կազմում, Ղազախստանի դեպքում այդ ցուցանիշը 0.7 տոկոս է, իսկ Ռուսաստանի դեպքում` 0.5 տոկոս (խոսքը տեսակարար կշռի մասին է, ոչ թե առևտրի բացարձակ ծավալների)։