Եթե վարչապետն ուզի, դու էլ առանձնատուն կստանաս. ի՞նչ կտա պետությունը պաշտոնյաներին

Առանձնատուն, ինքնաթիռ, անձնական բժիշկ. ՀՀ կառավարությունն առաջարկում է ամրագրել ներկա ու նախկին պաշտոնյաների` պետության կողմից տրամադրվող սոցիալական երաշխիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարձրաստիճան անձանց գործունեության ապահովման, սպասարկման սոցիալական երաշխիքների մասին օրենքի» նախագիծը։

ՀՀ նոր նախագահի լիազորությունները գնալով կրճատվում են

ՀՀ կառավարության հեղինակած օրինագծով երաշխավորվում են ոչ միայն պաշտոնաթող, այլև գործող պաշտոնյաների` պետության կողմից տրամադրվող գույքն ու սպասարկումը։

Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման համար ապահովվում է առավելագույնը 155 անձից բաղկացած աշխատակազմով։ Համեմատության համար նշենք, որ վարչապետի աշխատակազմը առավելագույնը 600 հոգանոց է։

Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում է նստավայր` Երևանի Մաշտոցի 47 հասցեում, ինչպես նաև ծառայողական առանձնատուն Երևանի Ձորափի 74, 4-րդ մասնաշենքում (Հրազդան գետի ափին գտնվող կառավարական ամառանոցներում), պետական ամառանոց Սևանի թերակղզում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով ևս տրամադրվում են նստավայր Երևանի Բաղրամյան 26 հասցեում (ներկայիս նախագահական նստավայրը), ծառայողական առանձնատուն Երևանի Ձորափի 74, 3-րդ մասնաշենքում, պետական ամառանոց Սևանի թերակղզում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ։

Սակայն, ի տարբերություն ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետն ունենալու է նաև հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետի և նախագահի առողջական վիճակին հետևելու են նրանց հատկացված անձնական բժիշկները:

Բարձրաստիճան մյուս պաշտոնյաները` Ազգային ժողովի նախագահն ու Սահմանադրական դատարանի նախագահը ևս կստանան ծառայողական առանձնատներ Երևանում՝ համապատասխան սպասարկմամբ:

Իսկ մյուս պաշտոնյաներն այդ շնորհին կարժանանան միայն այն դեպքում, երբ այդպես որոշի վարչապետը։

Օրինագիծը քվեարկության կդրվի վաղն առավոտյան նախանշված ԱԺ նիստում։