ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանում բեման են ենթարկել տղամարդու, որի նկատմամբ հինգ տարի առաջ հետախուզում են հայտարարել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները մարտի 5-ին, ժամը 16.00-ին Ծիծեռնակաբերդի խճուղում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահան Մ.-ին։
Նա 2013թ. նոյեմբերի 15-ից ՌԴ ՆԳՆ Տրանսպորտային վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 229 հոդվածի (թմրամիջոցի օգտագործում) 1-ին մասի մեղադրանքով:
Ռուսական օրենսդրության համաձայն` նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։