Ողբերգական ավտովթար Չարենցավանում. մեքենան գլորվել է ձորը, կա զոհ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մակաբե Մանուկյանի վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և նրա անվամբ անձնագիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Մարտ — Sputnik. Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 10։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 34 RM 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մակաբե Մանուկյանի վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և նրա անվամբ անձնագիր։