ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը ցույց են տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու, որ Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա անդրադարձել է Մամեդյարովի այն ասածին, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում:
«Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին Ադրբեջանի նախագահի խոստովանությունից հետո երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից իրականության փաստումը հստակ ցույց է տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականության ձախողումը»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում։
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ հարկավոր է Իսլամական համագործակցության կազմակերպությունը և դրա գործունեությունը կառուցել համերաշխության և բանաձևերի իրականացման հիմքի վրա: