ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները` Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի, ինչպես նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամների ուղեկցությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Կեպենեկյանի պատվիրակության կազմում է եղել։ Այցելությունից հետո նա գրել է Twitter-ում. «Հուզիչ այցելություն էր»։
Դեսպանը հրապարակել է նաև մի լուսանկար, որում երևում է, թե ինչ է գրել Կեպենեկյանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Այս պահին ես կարող եմ միայն լռել։ Մեր արմատները խորն են ու հեռու, բայց մենք կփորձենք կտրել այդ շղթան։ Նոր ծիլերը վկայում են, որ մեր ժողովուրդը կարող է վերածնվել։ Կեցցե մեր ժողովուրդը։ Կեցցե Հայաստանը»,- գրել է Կեպենեկյանը։
Լիոնի քաղաքապետը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: