ՀՅԴ–ն չի բացառում` Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին

Մինչ ՀՀԿ–ն կհայտարարի ապագա վարչապետի անունը, ՀՅԴ–ն արդեն ներքին կարգով իմացած կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՅԴ-ն երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։ Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս մասին ասաց ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նաև չբացառեց, որ մինչ ՀՀԿ-ն կհրապարակի վարչապետի թեկնածուի անունը, ՀՅԴ-ն ներքին կարգով կիմանա ավելի շուտ։

«Կոալիցիայի հուշագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, բայց բնական է՝ իրենք պետք է ներկայացնեն թեկնածուին, և կոալիցիան պետք է այդ հարցը քննարկի: Դա տեղի կունենա ապրիլի 9-ին մոտ: Մենք, կարծում եմ, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի»,- նշեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նաև հիշեցրեց, որ գործող կարգի փոփոխության արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը չի ունենալու նույն իրավասությունները, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ–ն դուռը կիսաբաց թողեց Սերժ Սարգսյանի համար

Նոր Սահմանադրության համաձայն` կառավարության կազմում փոփոխություններն իրականացվելու են վարչապետի առաջարկով և նախագահի հաստատմամբ։ Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին վարչապետի առաջարկով նշանակում և հետ է կանչում նախագահը։ Կառավարության առաջարկությամբ են կնքում միջազգային պայմանագրերը։ Կառավարության առաջարկությամբ կասեցվում կամ չեղյալ են հայտարարվում միջազգային պայմանագրերը:

Նոր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ինչպես նաև՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ: Բայց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այլևս նախագահը չէ, և պատերազմի դեպքում այդ լիազորությունները վարչապետին են պատկանում:

Վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելու, իսկ նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47-ը: