Ո՞ր երկրի քաղաքացիները կկարողանան ազատ մուտք գործել Հայաստան, և ո՞ւմ առաջ կփակվեն դռները

Հայաստանը դռները բացում է չորս երկրի առաջ։ Կառավարությունը մուտքի արտոնագրի վերաբերյալ նոր որոշումներ կընդունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: ՀՀ ԱԳՆ այս առաջարկն արդեն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

Վերոհիշյալ երկրների քաղաքացիները որոշման ընդունումից հետո կկարողանան այցելել և մնալ Հայաստանում առավելագույնը կես տարի (180 օր):

Նախագծի հիմնավորման համաձայն` այս որոշումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խթանմանը, այլև ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչմանը, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծմանն և զարգացմանը։

Իսկ Եմենի դեպքում Հայաստանի իշխանությունը հակառակ դիրքորոշումն է որդեգրել։ Եմենի քաղաքացիների համար կբարդանա ՀՀ մուտքի իրավունք ստանալը։

Գործադրի նույն նիստի օրակարգում ներառված մեկ այլ հարցով կառավարությունը նախատեսում է սահմանափակել Եմենի քաղաքացիների մուտքը ՀՀ։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը ԱԳՆ-ն պայմանավորում է նրանով, որ վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակը լարված է, որն իր գագաթնակետին է հասել 2014 թվականին և մինչ օրս շարունակվում է գերլարված մնալ:

«Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017թ. դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ»,- ասված է նախագծում։

Կառավարության նիստը կկայանա վաղը` մարտի 6-ին։