Հայաստանն աշխարհի հետ չի խոսում ֆինանսական նույն լեզվով. փորձագետ

Բանկերն օգտագործում են անգլիական բնագիրը, իսկ իրական հատվածում սպասում են պաշտոնական հայկական թարգմանության, որն ուշանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայաստանը շատ հետ է մնացել Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներից (ՖՀՄՉ, IFRS): Այդ մասին երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի անդամ Արթուր Հարությունյանը։

Հիմա Հայաստանում գործում են 2013թ-ի հունվարի 1-ին ընդունված չափանիշները, իսկ համաշխարհային ֆինանսական փորձում գործում է կանոն. եթե դու չունես IFRS վերջին տարբերակը, ապա չունես IFRS։

«Բանկերը դա ունեն, որովհետև բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են կիրառել այդ չափանիշները` անկախ նրանից` պաշտոնական հայերեն թարգմանություն արվել է, թե ոչ։ Իսկ մնացած ընկերությունները պարտավոր չեն, ուստի սպասում են պաշտոնական թարգմանության։ Իսկ այն ուշանում է», — ասաց Հարությունյանը։

Նշենք, որ վերջին տարիներին IFRS չափանիշներում որոշ փոփոխություններ բավականին էական են եղել։ Մասնավորապես, հիմա ձեռնարկությունն իր հաշվեկշռում պետք է նշի վարձակալած ակտիվները։ Նախկինում այդ պահանջը տարածվել է միայն ֆինանսական վարձակալության (լիզինգի) վրա, իսկ հիմա նաև օպերացիոն (այսինքն սովորական)։

Իսկ եթե մեր բիզնեսը չի խոսում միջազգային ֆինանսական աշխարհի հետ նույն լեզվով, ապա ավելի բարդ է ներդրումներ ներգրավելը։ Ուստի, ինչպես նշեց Հարությունյանը, չի կարելի հետ մնալ։