Քաղաքապետը խոստանում է պատժել տնօրեններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել ու բացառել մարտի 8-ի առիթով դրամահավաքության դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հատկապես հաշվի առնելով, որ օրեր անց մարտի 8-ն է, մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք կրթօջախների տնօրեններին՝ կանխել ու բացառել դրամահավաքության հնարավոր նախաձեռնությունները»,– ասել է Տարոն Մարգարյանը։

Քաղաքապետը նաև խոստացել է, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվելու է, իսկ հաստատվելու դեպքում` կրթօջախի տնօրենն անձամբ է պատասխանատվություն կրելու։