Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության համար հետախուզվողին հայտնաբերեցին Հայաստանում

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձին հանձնելու հարցում համագործակցել են ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես են եկել հայտարարությամբ:

Հայերի վտանգավոր խաղերը. ԱՄՆ–ն ուզում է դատարանի առաջ կանգնեցնել Դինա Ակոպովնային

Ինտերպոլի ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին Երևանում։

Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ այդ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների և ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է:

ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հաճախ լուրջ սպառնալիք են ներկայացնում հանրության անվտանգությանը, — ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը,- մենք գնահատում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ սերտ համագործակցությունը՝ անձին այդքան արագ հայտնաբերելու, ձերբակալելու և հանձնելու ուղղությամբ ցուցաբերված աջակցության հարցում»։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին նշել է. «Բարձր ենք գնահատում ԱՄՆ իրավասու մարմինների հետ արդեն տասնամյակների պատմություն ունեցող մեր համագործակցությունը և դրա ապահովման գործում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործուն աջակցությունը»: Նա նաև հավելել է, որ «Համագործակցության այս օրինակը վառ ապացույցն է նրա, որ ժամանակն ու տարածությունը խոչընդոտ չեն կատարած հանցանքի համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կենսագործման համար և հանցանք կատարած յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ, որտեղ էլ գտնվի, առերեսվելու է արդարադատությանը»:

Հետախուզվողը կկանգնի ԱՄՆ դատարանի առաջ։ Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը հիմնավոր կասկածից վեր չափանիշով չի հաստատվել դատարանի կողմից։