Դեր Զորում կվերականգնվի ավերված հայկական եկեղեցին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտնել է, որ Դեր Զորի հայկական եկեղեցին անպայման վերականգնվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով օգնել վերականգնելու սիրիական Դեր Զորում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այն մասին հայտնում է կաթողիկոսարանի կայքը։

«Իսլամական պետությունը» (արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում) 2014 թվականին պայթեցրել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցին։

Արամ Ա կաթողիկոսը հուզմունքով ու ընդվզումով է դիտել Դեր Զորի քանդված եկեղեցու լուսանկարները

«Սիրիայի և, հատկապես, Դեր Զորի շրջանում անվտանգության կայունացումից հետո, Վեհափառ Հայրապետը անմիջապես կոչ է ուղղելու մեր ժողովրդին, որպեսզի համազգային ջանքերով վերանորոգենք ցեղասպան Թուրքիայի կողմից ևս մեկ անգամ քանդված մեր նահատակների սրբազան տաճարը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հրահանգով, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը օրերս այցելել է Դեր Զոր՝ տեղում ծանոթանալու Դեր Զորի Նահատակաց եկեղեցու և համալիրի կրած վնասներին։

Հայոց ցեղասպանության տարիներին Դեր Զորն ու շրջապատի անապատը հայ բնակչության բռնի աքսորի վայրն է եղել։ Այնտեղ հարյուր հազարավոր հայեր են մահացել։

Սիրիայում գրոհայինների հրաձգությունների հետևանքով տուժել է Ալ-Ռաքքայի սուրբ նահատակների եկեղեցին, Հալեպի Քառասուն մանկանց եկեղեցին, քանդվել է Սուրբ Խաչ հայկական տաճարը, նաև՝ մի քանի հայկական եկեղեցիներ Քեսաբում։