Լուսադեմին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 06:40-ի սահմաններում 21-ամյա Գրիգոր Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 32 LL 446 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ոստիկանները պարզել են, որ Գրիգոր Միքայելյանը մեքենան վարել է սթափ վիճակում: