Ինչպես հասարակ հեռագրիչ Սավաջյանը հիմարացրեց թուրք փաշային և քաղաքը փրկեց կործանումից

Երբ հեռագրիչ Սավաջյանը Ստամբուլից ստացավ Պազարջիկը ոչնչացնելու մասին հրամանը, որոշեց փոխել տեքստը։ Իսկ ի՞նչ եղավ հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ռուս-թուրքական պատերազմի 140-ամյակի և Բուլղարիան ազատագրելու կապակցությամբ տեղի պարբերականներն անդրադարձել են պատմության էջերին։

Բուլղարական «168 ժամ» պարբերականը ներկայացրել է Հովհաննես Սավաջյանի արիության մասին պատմությունը, որը Պազարջիկ քաղաքի բնակիչներին փրկել է մահից։ Նրա կյանքի մասին տեղեկություններն առանձին գրքում զետեղել է ծոռը՝ Մաթեյ Իլիևը։

Հովհաննեսը ծնվել է 1844թ-ին բազմազգ Օդրինե (Ադրիանոպոլիս) քաղաքում, որը գտնվում է Թուրքիայում։ Այստեղ ապրել են հույներ, բուլղարացիներ, հայեր և թուրքեր (այժմ քաղաքը կոչվում է Էդիրնե, իսկ թուրքերից բացի ոչ ոք չի մնացել)։ Ապրելով բուլղարացիների շրջապատում՝ Հովհաննես արդեն մանուկ հասակում ազատ խոսել է բուլղարերեն։

Ованес Саваджян

Տղայի ընդունակությունները նկատել են ամերիկյան միսիոներները, որոնք նրան տարել են Կոստանդնուպոլսում գտնվող իրենց դպրոց։ Հովհաննեսը սովորել է յոթ լեզու։ Հետո մեկնել է Բուլղարիա՝ երկաթուղում հեռագրիչ աշխատելու։

Բուլղարիայում ուզում են սրահ բացել Թուրքիայից բերված հայկական եկեղեցու մասունքների համար

Պատերազմի ժամանակ Պազարջիկում է գտնվել թուրք հրամանատար Սուլեյման փաշայի շտաբը։ Երբ ռուսական բանակը սկսել է ճնշել թուրքերին, նա հրամանատարությունից թույլտվություն է հարցրել՝ քաղաքն այրելու ու բնակիչների կոտորելու համար։ Բայց Ստամբուլի պատասխանն ուշացել է։ Այդ ժամանակ նա նահանջել է Պլովդիվ և իր փոխարեն թողել արգելափակիչ ջոկատ։ Ջոկատի հրամանատարը՝ Ֆուադ փաշան, ստացել է սուլթանի պատասխանը. «Քաղաքն այրել, բնակիչներին ոչնչացնել, նահանջել Պլովդիվ»։

Բայց անհավանական բան է տեղի ունեցել. Սավաջյանը, ընդունելով հեռագիրը, փոխել է տեքստը։ Յուրաքանչյուր մահաբեր հրամանին նա կետերով և գծիկներով ավելացրել է «չ»։ Ինչ կլիներ նրա հետ, եթե թուրք զինվորականները ստուգեին հաղորդագրությունը, դժվար չէ պատկերացնել։ Ինչ-որ հրաշքով դա տեղի չի ունեցել։

Հովհաննեսին վստահություն է հաղորդել իրադրությանը ծանոթ լինելը. բուլղարացի պարտիզանները հաղորդել են նրան ռուսական բանակի առաջխաղացման մասին։ Ուստի նա իմացել է, որ ռուսները շուտով կմոտենան քաղաքին։

«Չոչնչացնե՛ք քաղաքը, չսպանե՛ք բնակիչներին և չնահանջե՛ք Պլովդիվ», — ստանալով նման «հրաման»՝ Ֆուադ փաշան կատարել է այն՝ ի զարմանս և ի ուրախություն քաղաքի բնակիչների։

Ռուս զինվորների զարմանքը չափ չի ունեցել, երբ նրանք տեսել են, որ քաղաքն ավերված չէ։ Երբ պատահածի մասին զեկուցել են գեներալ Գուրկոյին, նա Սավաջյանին անձամբ Սուրբ Ալեքսանդր Նևսկու միանգամից երեք շքանշան է հանձնել՝ առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի։

Պազարջիկում Հովհաննես Սավաջյանը ժողովրդի սիրելին է դարձել։ Բայց նա չի ցանկացել ընտրվել քաղաքային վարչությունում և մինչև թոշակի անցնելը շարունակել է աշխատել երկաթուղում։ Մահացել է 1906թ-ին։

Ованес Саваджян