Առանց ինտրիգների չանցավ. ԱԺ–ում քվեարկությունից հետո լուրջ խոսակցություններ են սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ չորրորդ նախագահի ընտրությանը` նշելով, որ քվեարկությունից հետո խմբակցություններից յուրաքանչյուրը փորձում է գտնել «դավաճանին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրություններն առանց ինտրիգների չընթացան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

Ի՞նչ են մտածում հասարակ քաղաքացիները ՀՀ նոր նախագահի մասին. տեսանյութ

Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրեցին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացի այդ` «Ծառուկյան» խմբակցությունն էլ հայտարարել էր նրա թեկնածությանը կողմ քվեարկելու մասին: Միայն «Ելք» խմբակցությունն էր նշել, թե «դեմ» կքվեարկի:

«Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ՝ Ա. Սարգսյանը ստացել է 90 կողմ և 10 դեմ ձայն այն դեպքում, երբ «Ելքից» քվեարկությանը մասնակցել էր 7 հոգի: Այսինքն՝ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին հայտարարած խմբակցություններից եղել են ընդդիմացողներ»,- նշված է հոդվածում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ ՀՅԴ պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքին:…Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք: Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքեր են այդ երեք պատգամավորները»,- ասել է նա:

Թերթին նաև հայտնի է դարձել, որ քվեարկության արդյունքներից հետո երեք խմբակցություններում լուրջ խոսակցություններ են սկսվել, փորձել են պարզել, թե ով է դեմ գնացել որոշմանը: Ավելին՝ խմբակցություններից յուրաքանչյուրը փորձում է «դավաճան» փնտրել ոչ միայն իր ներսում, այլև մյուս քաղաքական ուժերի մեջ: