ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Մաշտոցի պողոտայի գետնանցումում չգործող խանութների տարածքում հրդեհ է բռնկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԱԻՆ-ն այսօր՝ մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին: