Հայաստանում մինչև հիմա շուրջ 40 հազար գանձ կա. ֆրանսիական TV

Խաչքարերը չպետք է կրկնվեն, ասում է վարպետը և Աստծուց ուժ ու գեղարվեստական շնորհ խնդրում՝ հազար անկրկնելի խաչքարերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանում մինչև հիմա կան շուրջ 40 հազար մշակույթային գանձեր՝ խաչքարեր, պատմում է ֆրանսիական TV5 Monde հեռուստաալիքը Հայաստանում խաչքար պատրաստելու արվեստին նվիրված իր ռեպորտաժում։

Հայաստանը պատրաստվում է զարմացնել ՅՈՒՆԵՍԿՕ–ին. ի՞նչ կա հերթում

«Խաչքարերը միշտ գտնվել են եկեղեցիների մոտ, գերեզմանատներում, վանքերի պատերի և կամուրջների եզրապատերի մեջ։ Որպես կանոն՝ դրանք ուղղված են արևմուտք։

Դրանք պատրաստել են՝ ի հիշատակ մահացածների, ռազմական հաղթանակի կամ պատմական իրադարձության։ Դրանք հարգանք են արտահայտում խաչի նկատմամբ, որը քրիստոնեական հավատի ու հայկական ինքնության պահպանման խորհրդանիշն է», — պատմում է ռեպորտաժի հեղինակը։

Թղթակիցները այցելել են մի քանի եկեղեցիներ և Վանաձոր քաղաքի արհեստանոցներից մեկը։

«Քաղաքը եղել է Հայաստանի քիմիական արդյունաբերության կենտրոններից մեկը։ Խորհրդային Միության անկումից հետո գործարանները փակվել են։ Դրանց պատերի կմախքները երևում են կանաչ բնապատկերում՝ Փամբակ գետի կիրճում։

Քաղաքի արվեստանոցներից մեկում հին մշակույթը վերածնում է Սերգեյ Դանիելյանը՝ տեղի գեղարվեստական ուսումնարանի շրջանավարտը։ «Ես արդեն հինգ հարյուր խաչքար եմ պատրաստել, և ոչ մեկը մյուսին նման չէ։ Ես հավատում եմ, Աստված ինձ ուժ է տվել ստեղծել հազարը», — ասում է վարպետը։

1972թ-ին նա այն քչերից է եղել, ովքեր Հայաստանում զբաղվել են խաչքարագործությամբ։ Այդ տասնամյակների ընթացքում շատ սաներ է դաստիարակել։ Հիմա նա գոհ է. Հայաստանում լավ վարպետները շատ են։