Քվեաթերթիկի վրա Ծառուկյանի անուն-ազգանունն է գրված եղել

Պատգամավորներից մեկը որոշել է, որ Հայաստանի նախագահ պետք է լինի Գագիկ Ծառուկյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի անդամները երեկ երդում էին կերել, որ չեն գաղտնազերծելու Արմեն Սարգսյանի քվեարկության արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկի բովանդակությունը, այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ դրա վրա գրված է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անուն-ազգանունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու։

Այլընտրանք չունեցող 4-րդ նախագահը. ե՞րբ պարզ կդառնա` Սարգսյանը կեղծում է, թե ոչ

Հիշեցնենք, որ գաղտնի քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից Սարգսյանին կողմ էին քվեարկել 90-ը, դեմ՝ 10-ը։ Եվ քանի որ «Ելքից» երկու պատգամավոր բացակայում էին՝ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը, նշանակում է՝ 3 պատգամավոր էլ Սարգսյանին աջակցություն հայտնած ՀՀԿ-ՀՅԴ-«Ծառուկյան» դաշինքի շարքերից են։

Ի դեպ, ամբիոնի մոտ իր եզրափակիչ խոսքն ասելիս Արմեն Սարգսյանն ակնհայտ հուզվել էր»: