Պռոշյանում ծառի տակ գտած երեխային որդեգրել են

«Հայկական ժամանակ» թերթը հետաքրքրվել է անցած տարվա օգոստոսին Պռոշյան գյուղում հայտնաբերված նորածնի ճակատագրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, և նա արդեն նոր ընտանիքում է: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Պարբերականին այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նա նշել է, որ երեխայի մայրը փոքրիկին վերադարձնելու ցանկություն չի հայտնել:

Թերթը հիշեցնում է, որ աղջկան որդեգրման հանձնելու վերաբերյալ դատարանի որոշում կար, բայց մինչև այն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել էր նորածնին լքած մայրը, որն այդ ընթացքում կարող էր դիմել և հետ վերցնել նրան:

«Ի դեպ, ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ թե՛ երեխայի կենսաբանական մայրը և թե՛ որդեգրողը, ուսուցչուհիներ են, երկուսն էլ ապրում են Կոտայքի մարզում: Ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք կարող են միևնույն անձը լինել»,- գրում է թերթը:

Լենա Հայրապետյանը «Հայկական ժամանակ» թերթին ասել է, որ համընկնումները պատահական են:

Նորածինը Պռոշյան գյուղի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել էր նախորդ 2017 թվականի օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև՝ մանկատուն: