Ամերիկահայ պարողը Հայաստանը կներկայացնի Նյու Յորքի բալետի արտիստների մրցույթում

Բալետի արտիստ Էմանուել Մարտիրոսյանը չի բացառում, որ ապագայում ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկահայ արտիստ, New Jersey Ballet Company-ի պարող Էմանուել Մարտիրոսյանը Հայաստանը կներկայացնի Վալենտինա Կոզլովայի բալետի արտիստների հեղինակավոր մրցույթում, որին կմասնակցեն ավելի քան 25 երկրի բալետի արտիստներ։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Էմանուելը, նա սկսել է բալետով զբաղվել Երևանի պարարվեստի քոլեջում։

«Արդեն 12 տարի է՝ պարում եմ։ Վերջին երկու տարիներին համագործակցում եմ New Jersey Ballet Company-ի հետ, 18 տարեկանում պայմանագիր եմ կնքել։ Վալենտինա Կոզլովայի ամենամյա միջազգային մրցույթում, որը տեղի է ունենում 2011թ-ից, ելույթ կունենամ հայկական դրոշի ներքո։ Անցած տարի ներկա եմ եղել մրցույթին որպես հանդիսատես, որպեսզի հոգեբանորեն նախապատրաստվեմ։ Այդ ժամանակ հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչը», — ասաց նա։

Էմանուելի խոսքով՝ New Jersey Ballet Company-ում բազմաթիվ մենապարերով է հանդես եկել, սակայն հատկապես հաճելի և ուրախալի է եղել այն պահը, երբ նրան խաղաշրջանի բացման ժամանակ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետում առաջարկել են արքայազնի դերը։

Артист балета Эммануэль Мартиросян

ԷՄանուելը խոստովանում է, որ իր սիրելի դերը «Դոն Կիխոտ» բալետից Բազիլի դերն է։

«Սիրում եմ այդ կերպարը, քանի որ դրա մեջ տեսնում եմ իմ բնավորությունը և ինքս ինձ», — ասաց նա։

Էմանուելը նշեց, որ ռուսական բալետի դպրոցը, որտեղ ինքն է սովորել, շատ ուժեղ է։

«Ամերիկյան դպրոցը և ոճը տարբերվում են ռուսականից։ Բայց ամերիկացիները հարգում և ընդունում են նրանց, ովքեր անցել են ռուսական դպրոցը։ Չէ՞ որ բալետի աշխարհում բոլորը գիտեն, որ այն լավագույնն է և ուժեղագույնը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենիքում հենց ռուսական տեխնիկա են սովորեցնում», — ասաց պարողը։

Նա հավելեց, որ սերտ կապ է պահում հայրենիքի հետ, քանի որ այստեղ ընտանիք և ընկերներ ունի։ Էմանուելը չբացառեց, որ ապագայում ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար։

Վալենտինա Կոզլովայի բալետի արտիստների միջազգային մրցույթը տեղի կունենա մարտի 25-30-ին։