ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Եթե Թուրքիան ցանկանա սկսել երկրորդ խաղակեսը, կքննարկենք»

Այս տարիներին աշխարհում հասկացել են` Թուրքիան է անջրպետվում Հայաստանից, ոչ թե հակառակը։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

Եթե Թուրքիան ցանկանա վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները, ապա նման տարբերակը կարելի է դիտարկել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական արձանագրությունների ճակատագիրը։

Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը. Նալբանդյան

2009թ-ի հոկտեմբերի ԱԳՆ երկու երկրների ղեկավարները ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները։ Մինչև այդ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փոխադարձ այցեր են կատարել` ներկա լինելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներում։

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» ենթադրում էր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում։ Այլ խոսքով` ենթադրվում էր, որ Հայաստանը Թուրքիայից չի պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան զիջումներ չի պահանջի արցախյան հարցում։ Հայաստանը կատարել է իր պարտականությունները, Թուրքիան հրաժարվել է վավերացումից` հայտարարելով «հայկական ուժերը բռնազավթված տարածքներից դուրս բերելու» անհրաժեշտության մասին։

Մի քանի տարի արձանագրությունները գտնվել են սառեցված վիճակում։ Երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արձանագրությունները կչեղարկվեն։

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը կարելի է սկսել։ Գլխավորը` Թուրքիան պետք է հրաժարվի այն մտքից, որ Հայաստանին պետք է առաջադրել չհիմնավորված պայմաններ, հավելեց Շարմազանովը։

«Եթե Թուրքիան պատրաստ լինի սկսել երկրորդ խաղակեսն առանց նախապայմանների, ապա մենք կքննարկենք նման հնարավորությունը։ Երբ բանակցությունները սկսվեցին, մեր միջազգային գործընկերների մոտ տպավորություն էր ստեղծվել, որ այդ մենք ենք պայմաններ առաջադրում և պատնեշներ ստեղծում։ Հիմա բոլորը տեսնում են, որ ամեն ինչ հակառակն է», — ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` «Հայաստանը «դիվանագիտական խաղից» հաղթող դուրս եկավ և ցույց տվեց, որ որքան էլ փոքր երկիր լինի, դիվանագիտության ոլորտում իրավահավասար է մյուսներին և թույլ չի տա` ինչ-որ մեկը հակաիրավական պահանջներ առաջադրի։