ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Պարբերաբար աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվող Եվա Ռիվասը հիմա էլ քննադատել է հայրենակցուհիներին` Instagram-ում հրապարակելով իր վերջին հարզացրույցից փոքր հատված, որում երգչուհին խոսում է հայ աղջիկների բարեպաշտության մասին։
Երգչուհու համոզմամբ` հայուհիները համեստ և սուրբ են ձևանում, որպեսզի ամուսնանան։
Ռիվասը նման, մեղմ ասած, ոչ միանշանակ եզրակացությունների է հանգել իր «հայ ընկերուհիների» հետ շփվելուց հետո։
Տեսանյութը մեկնաբանելով` Եվան գրել է. «Որպեսզի հասկանաք, թե ինչի համար եմ ես դա ասել, պարզաբանեմ։ Մենք քննարկում էինք իմ սկանդալային կերպարը, որ ես հայուհի եմ և այդկերպ եմ ինձ պահում (ինչն, ի դեպ ընդունելի է միայն Կովկասում)։ Եվ ես հայուհիներին օրինակ բերելով`ասացի, որ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և մտադիր չեմ սուրբ ձևանալ ինչ-որ նպատակի, շահի կամ կերպավորման համար։ Նաև ասացի, որ ավելի լավ է մենակ մնամ, քան լինեմ մեկի հետ, ով կսիրի իմ կեղծ կերպարը»։
Ավելի քան տարօրինակ է նման ընդհանրացված կարծիք լսել մի աղջկանից, որը Instagram —ում երկար ժամանակ է հատկացրել և մի ամբողջական գրառում է կատարել աննպատակ ամուսնանալու համար տղամարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու մասին։
Ամեն դեպքում, տղամարդիկ սեփական ուղեղն ունեն, և կյանքի ապագա ընկերուհուն ընտրելիս կկարողանան տարբերել կեղծ ու իրական զգացմունքները։ Այս ամենն, ի դեպ, միայն հայ աղջիկներին ու տղաներին չի վերաբերում։