ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակներ դրեցին Ծիծեռնակաբերդում և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Գիորգի Կվիրիկաշվիլին Երևան է ժամանել մեկօրյա պաշտոնական այցով։
Վրացական պատվիրակությանը դիմավորելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Երևանի միջազգային օդանավակայանում։ Վրաստանի գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցի շրջանակում կհանդիպի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Գիորգի Կվիրիկաշվիլու գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: