ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Երգչուհի Սոնա Ռուբենյանը և կիթառահար, հումորիստ Գարիկ Պապոյանը, ով, ի դեպ, ողնաշարի ծանր վիրահատությունից հետո վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից, երկրպագուներին հիացրել են Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա գրված հովվերգական «Բինգյոլ» երգի յուրօրինակ կատարմամբ։
Գարիկը Instagram-ի իր էջում հրապարակել է երգի անոնսը` նշելով, որ այն ամբողջությամբ կարելի է դիտել youtube ալիքում։
«Ընկերներ, վերջապես պատրաստ է, վայելեք youtube-ում»,- գրել է արտիստը։
Առաջին անգամ նրանք ստեղծագործութունը ներկայացրել են աշնանը` Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այժմ նրանց ելույթի տեսագրությունը տեղադրված է համացանցում։ Թեև youtube-ում այն նոր է հայտնվել, բայց արդեն օգտատերերը բազմաթիվ հիացական արձագանքներ են թողել երգի մեկնաբանություններում։