Հայաստանի նախագահի թեկնածուն հրաժարվեց խոսել ոսկու հանքի մասին

Արմեն Սարգսյանն ընդգրկվել է Lydian տնօրենների խորհրդի կազմում, բայց հետո լքել է այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հրաժարվել է խոսել Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին։

Ապագա նախագահը Բրիտանիայի քաղաքացի է եղել «սխալմա՞մբ». լեզվակռիվ ԱԺ–ում

Ավելի վաղ Արմեն Սարգսյանն ընդգրկվել է Lydian international ընկերության տնօրենների խորհրդի կազմում (դուստր ընկերությունը` Lydian Armenia-ն, շահագործում է հանքավայրը), հետո լքել է այն։

«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչու է նա այդ քայլին դիմել և ինչ է մտածում նախագծի բնապահպանական ռիսկերի մասին, Սարգսյանը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, որ բանակցությունները չհրապարակելու կորպորատիվ կանոններ կան։

«Բայց մի կասկածեք. ես բնապահպանությունն առաջնահերթություն եմ համարում Հայաստանի համար։ Ես երկար տարիներ համագործակցել եմ թե՛ Ալբերտ Գորի, թե՛ համաշխարհային այլ գործիչների հետ։ Եվ եթե ես նախագահ ընտրվեմ, իմ վերաբերմունքը չի փոխվի։ Օգտակար հանածոների արդյունահանումը չպետք է վտանգավոր լինի ջրային պաշարների համար։ Չէ՞ որ դրանք մեր հարստությունն են», — հայտարարեց Սարգսյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների համաձայն` նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները։ Իրական իշխանությունը կբաժանվի խորհրդարանի և կառավարության միջև։ Նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն։