Մոռանում ենք մեծանուն այրերի կանանց. ի՞նչ է հայերին առաջարկել Գրենոբլի քաղաքապետարանը

Գրենոբլի քաղաքապետարանի առաջարկով փողոցը կոչելու են Մանուշյան զույգի անունով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ֆրանսիական Գրենոբլ քաղաքում նոր փողոց կբացվի, որը կկոչվի Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության խմբի ղեկավար (որի կազմում էին հրեաներ, իտալացիներ, իսպանացիներ, լեհեր) Միսաք Մանուշյանի անունով։ Խմբում ընդգրկված էր նաև Մանուշյանի կինը` Մելինեն։

Լիոնի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Այս մասին Լիոնում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գրենոբլի մշակույթի տան վարչական կառավարման անդամ Սիրանուշ Խաչատրյանը։

«Փողոցը Մանուշյան ամուսինների անունով կոչելու գաղափարը Գրենոբլի քաղաքապետարանինն է։ Համաշխարհային երկրորդ պատերազմի հայ վետերանների կազմակերպությունը դիմել է քաղաքապետարանին` առաջարկելով փողոցներից մեկը կոչել Միսաքի անունով», — պատմեց Խաչատրյանը։

Արդյունքում քաղաքապետարանը ոչ միայն տվել է իր համաձայնությունը, այլև առաջարկել է փողոցը կոչել նաև Միսաքի կնոջ` Մելինե Մանուշյանի անունով։

«Կանայք միշտ մեծ դեր են խաղացել մեծանուն տղամարդկանց կյանքում, և մենք նրանց, չգիտես ինչու, միշտ մոռանում ենք։ Առաջարկում ենք փողոցը կոչել Միսաք և Մելինե Մանուշյանների անունով», — ասել են քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Ներկա պահին Գրենոբլում թաղամաս է կառուցվում և նորոգվում է այն փողոցը, որն ավելի ուշ կկոչեն դիմադրության հայտնի մարտիկի անունով։ Գրենոբլում նաև «Արմենիա» փողոց կա։

Մանուշյանի անունով մի քանի փողոց կա, Ֆրանսիայում նրա պատվին մի քանի հուշարձան են կանգնեցրել։ Ամեն տարի փետրվարի 21-ին` Միսաք Մանուշյանի մահվան օրը, հիշատակի խաղաղ ակցիա է անցկացվում նրա հուշարձանի մոտ` Վալանսում, Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում։

Փարիզի մերձակայքում գտնվող սինագոգում հարգանքի տուրք մատուցեցին հայ հերոսին

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային կոտորածի ժամանակ կորցրել է ծնողներին, եղբոր հետ ոտքով հասել է Սիրիա, որտեղ որբանոց է ընկել, ավելի ուշ տեղափոխվել է Ֆրանսիա։ Պատանին հետաքրքրվել է կոմունիստական գաղափարներով, լրջորեն զբաղվել պոեզիայով և նույնիսկ արժանացել է Ավետիք Իսահակյանի գովասանքին։ Հայ ընկերների հետ գրական-գեղարվեստական ամսագրեր է թողարկել` ձախ գաղափարներ և ներգաղթյալների շրջանում հայկական մշակույթի պահպանում քարոզելով։

1934 թվականին դարձել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ, հանդես եկել ֆաշիզմի դեմ։ 1943 թվականին «Դիմադրություն» ֆրանսիական շարժման ղեկավարության ներքո հիմնել է «Աշխատավոր ներգաղթյալների կոմունիստական պարտիզանական մարտական ինտերնացիոնալ ջոկատը»։ Այդ տարիների ընթացքում նրան աջակցել է կինը` Մելինեն։

Մանուշյանն ավելի քան 50 հարձակում է գործել ֆաշիստական ջոկատների վրա։ Դրանցից մեկի ժամանակ սպանվել է ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերը, որը ղեկավարում էր քաղաքացիական անձանց Ֆրանսիայից Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու գործընթացը:

Մանուշյանին ու նրա ընկերներին գնդակահարել են 1944 թվականի փետրվարին ֆորտ Մոն Վալերիենում։