ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մինսկի «Կրումկաչի» ֆուտբոլային ակումբի վերահսկիչ փաթեթը փոխանցվել է 26 տարեկան գործարար Վահե Մարտիոսյանին։ Այս մասին հայտնում է TUT.BY-ը։
Մարտիրոսյանն ասել է, որ իր գլխավոր նպատակը Բելառուսի բաձրագույն լիգայում մնալն է։
«Միաժամանակ կուզեի թիմն ուժեղացնել լավ ֆուտբոլիստներով։ Նկատի ունեմ նորեկների հետ պայմանագրեր կնքելն ու երիտասարդ ֆուտբոլիստների աճը, որպեսզի հաջորդ տարի կարողանանք բարձրագույն լիգայի ուժագույն թիմերի եռյակում հայտնվել»,- ասել է նա։
Ֆինանսական խնդիրներ ունեցող թիմի բյուջեն 600 հազար դոլար կկազմի, իսկ հետագա ֆինանսավորումը կախված կլինի ակումբի զարգացման տեմպերից։
Ակումբի նոր համասեփականատիրոջ խոսքով` գումարներն աշխատում է Հայաստանի, ԱՊՀ-ի և Եվրոպայի երկրներում ունեցած ընտանեկան բիզնեսից։ Մարտիրոսյանը ֆուտբոլը սիրել է Ռոնալդինոյի խաղը տեսնելուց հետո։
Նա մեծացել է Դիլիջանում, որտեղ հատուկ դպրոցներ կամ ակադեմիաներ չեն եղել կատարելագործվելու համար, և նա այնպես էլ չի կարողացել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Մարտիրոսյանը ֆուտբոլային ակումբ գնելը բիզնես-նախագիծ է համարում։
«Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպես, ձեռնտու գործ է։ Ակումբի կյանքում իմ դերը կապված է վարչական և ֆինանսական կառավարման հետ»,- ասել է նա։
Այժմ ակումբի ղեկավարությունը լուծում է արտոնագրման հարցը։