Արտակարգ դեպք Երևանում. ճապոնացին որոշել էր ինքնասպանություն գործել Հայաստանում

Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՊՊԾ գնդի ծառայողները կանխել են 48-ամյա ճապոնացու ինքնասպանության փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ մոտեցել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներին, որոնք ծառայություն են իրականացրել «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ և տեղեկացրել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ՃՈ տեսուչը տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր ՃՈ ծառայողների հետ կարողացել են ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից և նրան, ինչպես նաև նրա հետ այնտեղ գտնվող ընկերոջը տեղափոխել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Ճապոնիայի քաղաքացի, Յոկոսա քաղաքի Դադոդայ թաղամասի բնակիչ, 48-ամյա Էմին Օտային է, իսկ նրա հետ եղած ընկերը նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա Ակինորի Օտային է։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում։