ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Horizon Weekly-ի տեղեկացմամբ`Եգիպտոսի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յախյա ալ- Քադվանին և արտաքին հարցերի հանձնաժողովի քարտուղար Թարեկ էլ Խուլին հերթական անգամ բարձրացրել են երկրի խորհրդարանում 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։
Խորհրդարանականները, հիշեցնելով վերջերս Նիդեռլանդների Ազգային ժողովի ընդունած բանաձևի մասին, կոչ են արել հետևել այդ երկրի օրինակին։
Ալ Քադվանիի խոսքով` նման քայլերն անհրաժեշտ են Թուրքիայի ագրեսիվ պահվածքին հակազդելու համար, քանի որ «հայերի զանգվածային սպանությունները պատմական իրողություն են, և յուրաքանչյուրը պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ այդ հարցում»։
Էլ Հուլին իր հերթին հայտարարել է լրագրողներին, որ Եգիպտոսը, որը ապաստան է տրամադրել ցեղասպանությունից փրկված շատ հայերի, այդ պատմության վկաներից է։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները փետրվարի 22-ին գրեթե միաձայն հաստատել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը, ինչն արժանացել է Թուրքիայի քննադատությանը։